Ներքին այրման շարժիչ
Ներքին այրման շարժիչ (ICE), ջերմային շարժիչի տեսակ, որի դեպքում վառելիքի խառնուրդը այրվում է անմիջապես շարժիչի ներսում։ Այրման արտադրանքները կազմում են աշխատանքային հեղուկը։ Նման շարժիչը առաջնային է, քիմիական է և վառելիքի այրման էներգիան վերածում է մեխանիկական աշխատանքի [1]։ Գոյություն ունեն մեծ թվով տարբեր ներքին այրման շարժիչներ, որոնք տարբերվում են նպատակներով, էներգիայի մատակարարման եղանակով և այլ պարամետրերով։ Շոգեշարժիչն աշխատում է երկու փուլով, կրակը կաթսայի մեջ առաջացնում է գոլորշի, որը գլանի մեջ ընդարձակվելով՝ աշխատեցնում է մեքենան։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչև 19-րդ դարի կեսերը մարդիկ փորձում էին ստեղծել փոքրածավալ և արդյունավետ շարժիչներ՝ վառելիքն այրելով հենց գլանի մեջ։ Սակայն պիտանի վառելիք գտնելու, շարժիչի մեջ լցնելու և այրելու խնդիրները դեռևս լուծված չէին։ Դա արեց գերմանացի ճարտարագետ Նիկոլաուս Օտտոն (1832-1891), որը 1861 թվականին ստեղծեց բենզինով աշխատող առաջին շարժիչը, իսկ 1876 թվականին՝ քառատակտ շարժիչը՝ ժամանակակից մեքենաների շարժիչների նախատիպը։
Օտտոն վառելիքի և օդի խառնուրդը բոցավառելու համար օգտագործեց էլեկտրական կայծը։ 1893 թվականին գերմանացի մեկ այլ ճարտարագետ՝ Ռուդոլֆ Դիզելը (1858-1913), ստեղծեց այնպիսի շարժիչ, որի մեջ խառնուրդը բռնկվում է սեղմվելով։ Թեև դիզելային շարժիչր ծանր է, սակայն առավել հուսալի ու խնայողական է, քան բենզինային շարժիչը։
Շարժիչների մեծ մասն աշխատում է քառատակտ շրջապտույտով, քառագլան շարժիչում յուրաքանչյուր պտույտի ընթացքում բոցավառումը կատարվում է երկու անգամ։ Առավել սահուն շարժում ապահովելու համար գլաններից ամեն մեկն աշխատում է մյուսներին ոչ համաքայլ։
Ներարկում
[խմբագրել | խմբագրել կոդը]Երբ ծնկաձև լիսեռը մխոցը ձգում է ներքև, բռնցքավոր լիսեռը բացում Է ներարկման կափույրը, և օդը զտիչով ներս Է լցվում։ Վառելիքի ճշգրիտ չափավորված քանակությունն էլեկտրոնային վերահսկողությամբ ներարկվում Է օդի հոսքի մեջ։
Սեղմում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնկաձև լիսեռի հաջորդ կիսապտույտի ժամանակ երկու կափույրն էլ փակ են։ Մխոցը հրվում է վեր՝ սեղմելով վառելիքի և օդի խառնուրդը։ Հենց որ մխոցը հասնում է վերին կետին, բռնկման համակարգը բարձր լարում է ստեղծում վառոցքամոմի վրա՝ առաջացնելով կայծ։
Էներգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Վառելիքի և օդի խառնուրդը կայծից բռնկվում է և պայթյունով այրվում, առաջացնելով ջերմաստիճանի կտրուկ բարձրացում։ Հենց այդ պահին ջերմային էներգիան փոխարկվում է մեխանիկական էներգիայի, մխոցը հրվում է ներքև՝ պտտելով ծնկաձև լիսեռը։
Արտանետում
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտանետման կափույրը բացվում է, և ծնկաձև լիսեռը շարժվում է ծանր թափանիվում պահեստավորված էներգիայով (իսկ բազմագլան շարժիչի դեպքում՝ նաև այլ գլանի ուժով) ու նորից մխոցը հրում վեր։ Գլանն արտամղում է այրված գազերը։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ներքին այրման շարժիչ» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 262)։ |