Jump to content

Զագրեբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Զագրեբ
խորվ.՝ Zagreb
Դրոշ Զինանշան

Երեկոն Զագրեբում
ԵրկիրԽորվաթիա Խորվաթիա
ՀամայնքԽորվաթիա
ՔաղաքապետՄիլան Բադիչ
Հիմնադրված է1094 թ.
Առաջին հիշատակում1094
Տվյալ կարգավիճակում1242-ից թվականից
Մակերես640 կմ²
ԲԾՄ127 մետր
Պաշտոնական լեզուխորվաթերեն
Բնակչություն767 131 մարդ (օգոստոսի 31, 2021)[1]
Ժամային գոտիUTC+1 և կենտրոնաեվրոպական ամառային ժամ
Հեռախոսային կոդ01
Փոստային դասիչ10000
Ավտոմոբիլային կոդZG
Պաշտոնական կայքzagreb.hr(խորվ.)(անգլ.)
Զագրեբ (Խորվաթիա)##
Զագրեբ (Խորվաթիա)

Զագրեբ (խորվ.՝ Zagreb [ˈzâːɡrɛb]), Խորվաթիայի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը։ Առաջին անգամ հիշատակվել է 1094 թվականին։ Անվանումն ունի սլավոնական ծագում․ բառացի նշանակում է «հողաթմբից (պատնեշից, խրամատից) այն կողմ»։ 1526-1918 թվականներին գտնվել է Հաբսբուրգների տիրապետության տակ և կոչվել է Ագրամ[2]։ 2011 թվականի տվյալներով բնակչությունը կազմում է 790,017 մարդ, տարածքը՝ 641,29 կմ²։ Քաղաքը գտնվում է Սավա գետի Դանուբ վտակի վրա, 45,815 ° հյուսիսային լայնության և 15,98306 ° արևելյան երկայնության վրա, ծովի մակարդակից 104 մետր բարձրության վրա (ամենացածր կետը) Մեդվեդնիցա լեռնազանգվածի կողքին։ Զագրեբի տարիքը ավելի քան 900 տարի է։ Զագրեբ քաղաքը արվարձանների հետ ունի ժուպանության կարգավիճակ, քաղաքը ղեկավարում է քաղաքային ասամբլեայի կողմից ընտրվող քաղաքապետը։ 2009 թվականի մայիսի 31-ին չորրորդ անգամ քաղաքապետ է ընտրվել Միլան Բանդիչը։ Զագրեբ քաղաքը գտնվում է մայրցամաքային գոտում․ ամառային միջին ջերմաստիճանը +21 °C է, իսկ ձմռանը՝ +2 °C:

Առաջին հիշատակումը Զագրեբի մասին վերագրվում է 1094 թվականին, երբ Հունգարիայի թագավոր Լասլոն I-ը հաստատեց մի եպիսկոպոսություն Կապտոլ բլրի վրա։ Այն ժամանակ Գրադեց և Կապտոլ բնակավայրերը, որոնք այժմ համարվում են Զագրեբ քաղաքի պատմական միջուկը, անկախ բանակավայրեր են եղել։

1242 թվականին Գրադեցն ավերվել է Բաթու խանի կողմից։ Դրանից հետո այն հունգարախորվաթական թագավոր Բելա IV-ի Ոսկե կոնդակով հռչակվեց ազատ թագավորական քաղաք։

14-րդ դարի սկզբին Գրադեցը և Կապտոլը միացվել են և դարձել որպես մեկ քաղաք․ Կապտոլի եպիսկոպոսությունը վերանվանվում է Զագրեբի արքեպիսկոպոսություն։

1669 թվականին ճիզվիտները հիմնադրում են առաջին ավագ դպրոցը և ակադեմիան։ Այս տարեթիվը համարվում է Զագրեբի համալսարանի հիմնադրման տարեթիվը՝ հնագույններից մեկը Եվրոպայում։ Շուտով Զագրեբը դառնում է մշակութային կենտրոն և Խորվաթիայի մեծ քաղաքներից մեկը։

1776 թվականին Վարաժդինից Զագրեբ է տեղափոխվում խորվաթական թագավորական վեչեի (ղեկավարության) նստավայրը, ինչից հետո քաղաքը փաստացիորեն մայրաքաղաքի կարգավիճակ է ստանում։

1851 թվականին Իոսիպ Ելաչիչը միավորել է Կապտոլը և Գրադեցը Զագրեբի մեջ։ Այդ ժամանակ հաստատվեց նաև միավորված քաղաքի քաղաքապետի պաշտոնը, որը զբաղեցրեց Գրադեցի վերջին դատավոր Յանկու Կամաուֆը[3]։ Ավստրո-Հունգարական կայսրության ժամանակ քաղաքը կոչվել է Ագրամ[4]։

1991 թվականի հունիսի 25-ին Խորվաթիայի խորհրդարանը հռչակեց Խորվաթիայի անկախությունը և Զագրեբը հայտարարեց Խորվաթիայի մայրաքաղաք։ 1995 թվականի մայիսին քաղաքացիական պատերազմի ժամանակ Զագրեբը ենթարկվեց հրթիռային հարձակման ինքնահռչակ Սերբական Կրայինայի Հանրապետության կողմից․ զոհվեց 7, վիրավորվեց ավելի քան 175 մարդ։

Զագրեբի կլիման ցամաքային է, արտահայտված են տարվա 4 եղանակները։ Միջին ջերմաստիճանը ձմռանը 2 °C է , իսկ ամռանը՝ 21 °C: Որպես կանոն, Զագրեբում շատ շոգ է մայիսին՝ հատկապես ամսվա վերջին ջերմաստիճանը գերազանցում է 30 °C-ը։ Ձմռանը բոնորշ են ձյան տեղումները, իսկ աշունը, սովորաբար, շատ անձրևոտ է։

Ժողովրդագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Զագրեբը Խորվաթիայի ամենամեծ քաղաքն է և միակը, որի բնակչությունը (ներառյալ արվարձանները) գերազանցում է 1 մլն մարդը, որը բնակչության ավելի քան 20 %-ն է։ Քաղաքային ագլոմերացիաներում ապրում 1,088,841 մարդ։ Քաղաքի բնակչությունը կազմում է 790,017 մարդ (2011 թվականի մարդահամարի տվյալներով)։ Ըստ տեղական ոստիկանության բաժանմունքի տվյալների՝ 2005 թվականին քաղաքում հաշվառված է եղել 973,667 մարդ։ Զագրեբի էթնիկական կազմը մեծապես միատարր է, ըստ 2001 թվականի մարդահամարի տվյալների՝ բնակիչների 91,94 %-ը խորվաթներ են։ Ըստ նույն տվյալների՝ քաղաքում բնակվում են էթնիկ փոքրամասնությունների 40,066 ներկայացուցիչներ։ Դրանցից ամենամեծաթիվը սերբերն են (18,811 մարդ, 2.41 %), ապա բոսնիացիները (6204 մարդ՝ 0.80 %), ալբանացիներ>ը (3389 մարդ՝ 0.43%), սլովենացիները (3,225 մարդ՝ 0.41 %), գնչուները (1946 մարդ՝ 0.25 %), չեռնոգորցիները (1131 մարդ՝ 0.17%) և մակեդոնացիները (1,315 մարդ՝ 0.17 %): Բնակչության մեծամասնությունը (մոտ 90 %) կաթոլիկ է, կան նաև փոքրաթիվ ուղղափառներ և իսլամի հետևորդներ։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Զագրեբում տնտեսության առավել կարևոր ճյուղերն են` էլեկտրական սարքերի արտադրությունը, քիմիական, դեղագործական և տեքստիլ արդյունաբերությունը։ Զագրեբը միջազգային առևտրի և բիզնես կենտրոն է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի միջև։

Խորվաթիայի մայրաքաղաքը ունի ամենաբարձր անվանական ՀՆԱ-ն՝ մեկ շնչի հաշվով 19.132 $: Այստեղ կենտրոնացված են խորվաթական բոլոր ընկերությունների ավելի քան մեկ երրորդը և Խորվաթիայի աշխատուժի գրեթե 40 %-ը։ Զագրեբում, մասնավորապես, գտնվում են գրեթե բոլոր ազգային բանկերի գլխամասային գրասենյակները, կոմունալ ոլորտի, հասարակական տրանսպորտի կարևորագույն տնտեսվարող սուբյեկտները։ Այսպես՝ 2006 թվականին Զագրեբի ընդհանուր շրջանառության մասնաբաժինը կազմել է 60 %, ընդհանուր ընկերության եկամուտների մասնաբաժինը՝ 35 %, երկրի արտահանման և ներկրման մասնաբաժինը՝ 57 %:

Զագրեբում արագ զարգանում է զբոսաշրջությունը։ Զագրեբում կան երեք հինգաստղանի հյուրանոցներ` Westin, Sheraton, Regent: Զագրեբի բյուջեն 2007 թվականին կազմել է 7.38 մլրդ, միջին ամսական զուտ աշխատավարձը՝ 6669 կունա, ՀՆԱ-ն 2004 թվականին կազմել է 28,261 դոլար։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Popis stanovništva, kućanstava i stanova 2021. – stanovništvo prema starosti i spolu po naseljima, 2021 Croatian census: population data by age, sex, settlementCroatian Bureau of Statistics, 2022.
  2. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
  3. Звонимир Милчец Zagrebački gradonačelnici. — Загреб: Alfa, 1993. — ISBN 9531680108
  4. «БСЭ (2 издание)». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 22-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զագրեբ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 648